«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Նիսի ափին Բաստիլի գրավման օրը տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին այսօր տեղեկացրել է Radiofrance-ը:
ԻՊ-ի հայտարարության համաձայն՝ Մուհամմեդ Լաուայեժ Բուլելն իրենց զինվորն էր:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի՝ զոհերի մեջ ՀՀ քաղաքացի կա: Իր հերթին Հայ եկեղեցու Նիսի հոգեւոր հովիվ Հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանը NEWS.am-ին հայտնել է, որ զոհված կինը 40 տարեկան է, նաեւ վիրավորների մեջ կա երեք հայ:





























