Երիտասարդ կինը, որը հինգշաբթի օրը եկել էր Նիսի Անգլիական ափ՝ նայելու տոնական հրավառությունը, ահաբեկչության վայրից ոչ հեռու գտնվող ռեստորանում ծննդաբերել է: Վկայակոչելով BFMTV-ն հեռուստաալիքը՝ այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
9 ամսական հղի կնոջ երկունքի ցավերը սկսվեցին շուրջբոլորը տեղի ունեցող իրադարձությունների պատճառած ցնցման հետեւանքով: Նա կարողացել է պատսպարվել ափի սկզբնամասում գտնվող ռեստորանում:
«Ռեստորանի աշխատակիցները կնոջը տեղափոխել են խոհանոց, որտեղ մոտակայքում հայտնված բժշկի ներկայությամբ նա ծննդաբերել է: Այնուհետեւ մայրիկին եւ փոքրիկին տեղափոխել են ժամանած փրկարարները»,- հայտնում է հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Հարձակման զոհ է դարձել 84 մարդ, վիրավորներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ահաբեկչական ակտն իրագործել է Նիսի բնակիչ, թունիսյան ծագմամբ 31-ամյա Մուհամմեդ Բուլելը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:





























