Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երեւանում ընթացող ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին` «Ֆրանսիայի միավորված քաղաքների միության» նախագահ Շարլ Ժոսլենի գլխավորությամբ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հ. Աբրահամյանը կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տեղական իշխանությունների մակարդակով իրականացող արդյունավետ համագործակցությունը. 1990-ականների սկզբներից մեծ թափով ընդլայնվող երկու երկրների քույր քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների ցանցը ներկայումս ընդգրկում է թվով 30 գործընկերային կապեր:
Անդրադառնալով Երեւանում անցկացվող ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովին` խորհրդարանի խոսնակը նշել է, որ այն երկու կողմերի երակարատեւ աշխատանքի արդյունք է: Նա կարեւորել է համաժողովում խարտիայի ընդունումը, որն արժեքավոր ձեռքբերում կլինի այս բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման համար:
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Նիցցայի փոխքաղաքապետ Ռուդի Սալն ընդգծել է, որ Հայաստանում զգալի առաջընթաց է նկատվում եւ տեղական ինքնակատավարման ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Նա բարձր գնահատեց երկու երկների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները` փաստելով, որ Հայաստանի անկախության տոնը միակ օտարերկրյա տոնն է, որ նշվում է Ֆրանսիայի համայնքներում: Ֆրանսիացի պատգամավորի խոսքով 21-րդ դարում Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած առաջին օրենքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքն է եղել:
Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է խորհրդարանի գործունեությանը, Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգին, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի:
Հանդիպումից հետո ֆրանսիացի հյուրերն այցելել են Ազգային ժողովի նորակառույց դահլիճ:




























