Հոկտեմբերի 8-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն մեծապես կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի քույր քաղաքների միջեւ համագործակցությունը, որ պտղաբերում է նորանոր իրագործումներով:
Նա իր խոսքում նաեւ երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին եւ իշխանություններին հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար, մասնավորապես, Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում, ինչը կարեւոր է թե հայ ժողովրդի նկատմամբ արդարության հաստատման եւ թե հետագա նման ողբերգությունների կանխարգելման համար:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաեւ Հայ եկեղեցու գործունեությանը եւ ներգրավվածությանը միջկրոնական երկխոսության մեջ:





























