2010 թվականի հոկտեմբերի 10-ին, այսինքն 10.10.10 խորհրդանշական ամսաթվին ամբողջ աշխարհում մարդիկ մասնակցելու են կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառմանը: Այն կանցկացվի աշխարհի 187 երկրներում, կլինեն 6353 միջոցառումներ, որոնց նպատակն է լինելու 10 տոկոսով կրճատել մթնոլորտի արտանետումների քանակը:
Հայաստանում 10.10.10 -ին, ժամը 10:10 րոպեին Մատենադարանի մոտ կհավաքվեն բնապահպաններն ու հեծանվորդները: Նրանք նախ հեծանիվներով կնկարեն 350, այնուհետեւ կշրջեն քաղաքում`բաժանելով տեղեկատվական թերթիկներ:
«Տարբեր երկրներում իրականացվող այս ակցիաների ողջ իմաստը մթնոլորտում առկա ածխածնի երկօքսիդի քանակը թույլատրելի 350 միավորի հասցնելն է, իսկ ներկայումս դրա քանակը հասնում է 390-ի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց միջոցառման համակարգող Անահիտ Աղաբաբյանը:
10.10.10 -ին իրականացվող միջոցառումները համակարգում է 350.org կազմակերպությունը, որը հիմնադրել է ամերիկացի Բիլ Մաքիբենը: Նա գլոբալ տաքացման մասին առաջին գրքերի հեղինակներից մեկն է:
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի պրակտիկ գործողության ամենամեծ օրը նշվում է 2007 թվականից:
Անցած տարի նույնիսկ CNN-ը 350.org-ի կողմից կազմակերպված ակցիան անվանեց պատմության մեջ առավել մեծ տարածում գտած օր:
Հատկանշական է, որ 10.10.10-ին իրականացվող միջոցառմանը կմիանա նաեւ Սպիտակ տունը ` իր տանիքում տեղադրելով արեւային մարտկոցներ:


























