Երեւանը շատ է փոխվել, փոխվել են նաեւ երեւանցիները. չկա նախկին ջերմության, բարեկամության մթնոլորտը։ Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեցին արվեստագետներ Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Ռուբեն Մաթեւոսյանն ու օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

Նրանց խոսքով, այժմ Երեւանն ու երեւացիները պակաս ուրախ եւ անհոգ են դարձել։ «Բայց միեւնույնն է, մեր քաղաքի մեջ կա մի անհասկանալի, անբացատրելի բան, որ ձգում է, չի թողնում հեռանալ իրենից»,- փաստեցին արվեստագետները։ «Ես նույնիսկ Երեւանի մասին գրած երգ ունեմ, ուր ասվում է, «Ինձ համար դու օդ ու ջուր ես, իմ Երեւան, ինձ համար դու կյանքի հուր ես, իմ օթեւան»։ Բայց պատանեկության Երեւանն, իհարկե, ավելի փոքր ու իսկապես վարդագույն էր։ Հարեւանության, բարեկամության եւ երեւանցիության զգացողությունն էլ ավելի ուժեղ էր։ Այն ժամանակ փողոցում մարդիկ ժպտում էին իրար. գուցե դա նրանից էր, որ Երեւանն ավելի փոքր էր եւ մարդիկ ճանաչո՞ւմ էին իրար, այն ժամանակ Երեւանը մեծ ընտանիքի նման էր»,- հիշեց մաեստրո Վարդազարյանը՝ ափսոսանք հայտնելով, որ բարձր քաղաքակրթությունը մարդկանց ավելի ու ավելի է հեռացնում իրարից։

Ասուլիսին ներկա Երվանդ Երզնկյանն էլ ավելացրեց, որ Երեւանն ավելի շատ սիրում է իր մեջ։ «Մանկությունս անցել է մի բակում, ուր միանգամից 7 ընտանիք էր ապրում։ Դոմինո էինք խաղում, սամովարով թեյ էինք խմում, գիշերները մահճակալները դնում էինք բակում ու այդպես էլ քնում»,- վերհիշեց կոմպոզիտորը՝ ավելացնելով, որ երեւանյան մթնոլորտը պահպանելու համար պետք է անել ամեն բան։

Ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանն իր հերթին նկատեց, որ Երեւանի ջերմ մթնոլորտի կորուստի մեջ իրենց մեղքն ունեն նաեւ քաղաքի բնակիչները։ «Գաղտնիքը մարդկանց մեջ է, որոնց չգիտես, թե որ մասն է իրեն իսկական երեւանցի զգում։ Այսօր մարդիկ եւ նրանց արժեքային համակարգը փոխվել են։ Մեր մանկության տարիներին Երեւանի փողոցներով շշմելու մարդիկ էին քայլում՝ Հրաչյա Ներսիսյան, Կոստան Զարյան, Հրաչյա Քոչար։ Մենք նրանցով էինք հիանում, նրանցից սովորում։ Իսկ ովքե՞ր են մեր այսօրվա հերոսները։ Գռեհիկ, կիսագրագետ ավազակները եւ նրանց թանկարժեք մեքենաները, նրանք, ովքեր չեն կայացել եւ, գալով քաղաքական դաշտ, մեզ, ժողովրդիս, ղեկավարելու բեռն են իրենց վրա վերցրել»,- նշեց Իգիթյանը։


«Ես ոչ գոհունակությունս եմ ուզում հայտնել քաղաքային իշխանություններին, ոչ էլ մտահոգություններս։ Թող մեծանա քաղաքը»,- ավելացրեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը՝ դժգոհելով միայն քաղաքի սրտում կառուցված բարձրահարկերի տեսքից։ «Վեր խոյացած բոլոր շենքերը, լավ կլիներ, որ տեղակայված լինեին քաղաքի ծայրամասերում։ Գոնե չպետք է խաթարվեր Հանրապետության հրապարակի տեսքը։ Դա մեր էությունն է, մեր մտածելակերպը»,- ասաց երգիչը՝ ավելացնելով, որ իր համար «Երեւան» հասկացությունը շատ մեծ հասկացություն է»։  


Վերջում հյուրերը հավաստիացրեցին, որ ոչ մի բան չի կարող ստիպել իրենց լքել հարազատ քաղաքը՝ չնայած,որ իրենց գործունեության ողջ ընթացքում Երեւանը լքելու բազմաթիվ առաջարկներ են ստացել։ «Աշխարհի շատ քաղաքներում ենք եղել։ Բայց Երեւանն ամենաֆանտաստիկն է։ Այն անբացատրելի հմայք ու գաղտնիքներ ունի»,- նկատեցին նրանք։