Հյուսիսային  պողոտայի կառուցման ժամանակ լրագրողների բարձրացրած վայնասունն անտեղի էր։ Հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը։

«Այնտեղ վխտացող առնետների համա՞ր էր այդ վայնասունը։ Առնետների, որ վազվզում էին այդ կարճ ճանապարհով։ Այդ թաղամասից հոտ էր գալիս, մոռացե՞լ եք։ Դա ապրելու տե՞ղ էր։ Այնտեղ հակասանիտարական իրավիճակ էր ստեղծվել»,- նշեց Իգիթյանը՝ ավելացնելով, որ Հյուսիսային պողոտայի ճարտարապետությունից դժգոհելու փոխարեն երեւանցիները լավ կանեն պահանջեն, որպեսզի բոլոր շենքերի հեղինակների անունները գրվեն եւ փակցվեն նրանց հեղինակած շենքների վրա։ «Երբ դրա մասին մենք ենք ասում, նրանք դեմ են լինում։ Եթե ճարտարապետներն իմանան., որ այսուհետեւ իրենց նախագծած շենքերի վրա իրենց անունները գրվելու են, ահագին բան կփոխվի»,- հավատացրեց նա՝ հավելելով, որ Հյուսիսային պողոտայի ծրագիրը կազմելիս եւ իրականացնելիս ամենաշատ վնաս տվող ճարտարապետներն ամենաշատ թվով շենքեր են կառուցել։

Նշենք, որ դեռեւս թաղամասի կառուցման նպատակով այդ տարածքից եւ դրա հարակից փողոցներից վտարված մի քանի տասնյակ ընտանիքներ փոխհատուցում ստանալու նպատակով դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական Դատարան` փորձելով այս ատյանի միջոցով վերականգնել սեփականությունից ապօրինի զրկվելու իրենց խախտված իրավունքները: Մինչ օրս Եվրոպական դատարանում, սակայն, Հայաստանից ներկայացված վտարումների գործերով ընդամենը հինգ գործ է, այսպես ասած, դրական ավարտի հասցրել, որոնցից երկուսը ցուցակներից հանվել են, քանի որ դիմումատուի եւ Հայաստանի կառավարության միջեւ հաշտություն է կնքվել: