Թուրքիան առայժմ Ռուսաստանին փոխհատուցում չի վճարել խոցված Սու-24-ի դիմաց, այդ հարցը հավանաբար կքննարկվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջեւ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ոչ, չեն վճարել: Հավանաբար այդ հարցը եւս կքննարկվի», - ճեպազրույցին հայտնել է Ուշակովը` պատասխանելով լրագրողներին:  

Նրա խոսքով, արդեն շատ բան է ասվել, այդ թվում` Էրդողանի հայտնի նամակում, ինչպես նաեւ առաջնորդների հետագա հեռախոսազրույցներում:  «Հենց այդ քայլերն էլ հանգեցրել են երկու առաջնորդի միջեւ պետերբուրգյան շփման հնարավորությանը: Հույս ունեմ` հետագայում եւս կհանգեցնեն Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջ համալիրի իրականացմանը», - հայտնել է ՌԴ նախագահի օգնականը, հայտնում է  «Ինտերֆաքսը»:

Ճշտող հարցին ի պատասխան, թե արդյոք ՌԴ-ն չի հանում փոխհատուցման պահանջը, նա ասել է. «Մենք կքննարկենք այդ հարցը»: