Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը վստահ չէ, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ռազմական նոր դաշինք կստեղծեն: Այդ մասին քաղաքական գործիչը հայտնել է  Bild-ին տված իր հարցազրույցում։

Նրա խոսքով, լավ միտում է, որ անցյալ տարի Թուրքիայի կողմից խոցված ռուսաստանյան  ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո երկու երկրի միջեւ դարձյալ մերձեցում է տեղի ունենում:  «Բայց միաժամանակ չեմ հավատում, թե նրանց միջեւ հարաբերություններն այնքան սերտանան, որ Ռուսաստանը Թուրքիային ՆԱՏՕ-ի պաշտպանական գործընկերությանն այլընտրանք առաջարկի», - նշել է դիվանագետը: Նրա խոսքով, Թուրքիան «դաշինքում կարեւոր գործընկեր է հանդիսանում եւ հետագայում էլ այդպիսին պետք է մնա»:

Շտայնմայերը կոչ է արել զերծ մնալ Անկարայի հասցեին խիստ քննադատությունից: «Մենք հենց սկզբից էլ հստակորեն հայտարարում էինք, թե ինչպես ենք վերաբերվում ուսուցիչների, դատավորների եւ լրագրողների ձերբակալություններին եւ հետագայում էլ կշարունակենք անել դա:  Բայց Թուրքիայի հասցեին քննադատության ամբողջ հիմնավորվածությամբ հանդերձ, Գերմանիայում բանավեճերի ընթացքում հաճախ մոռանում են, որ նրանք, ովքեր մասնակցել են հեղաշրջման փորձին, գործել են ծայրաստիճան դաժանությամբ, այդ թվում նաեւ` քաղաքացիական անձանց եւ խորհրդարանի անդամների հանդեպ: Եվ դա ընդունում են նույնիսկ այն թուրքերը, որոնք չեն աջակցում իշխող կուսակցությանը», - հավելել է նա: