Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ոմն «Իճո» թմրանյութ է փոխանցելու Հայաստանի արդարադատության նախարարության «Հրազդան» ՔԿՀ տարածք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.00-ին, «Հրազդան» ՔԿՀ պարսպի մոտից, թմրանյութ պահելու եւ փոխանցելու կասկածանքով, բերման է ենթարկվել «Իճո» մականվամբ, 29-ամյա Իշխան Մ.-ն: Բերման ենթարկելու վայրում կատարված տեղազննության ժամանակ, ՔԿՀ-ին կից պարսպապատ տարածքի կիսաքանդ ավտոտնակում, մետաղյա արկղում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 17.6 գրամ, կանեփի յուրահատուկ հոտով կանաչ զանգված, 0,5 գրամ 3,5 հատ սպիտակ դեղահաբ, 3.7 գրամ ափիոնանման զանգված եւ ներարկչի մեջ լցված 1,8 մլ սպիտակավուն հեղուկ:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Փորձագրեագիտական վարչություն: Կատարվում է հետաքննություն: