Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանի առթիվ աշխարհի 26 երկրից Հայաստան ժամանած կանանց բարեսիրական կազմակերպության` ՀՕՄ-ի անդամներին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է. «Այն, ինչ իրականացրել է ՀՕՄ-ը 1910 թվականից սկսած մինչեւ այսօր քաղաքական ու աշխարհագրական ամենատարբեր իրավիճակներում, կարելի է եւ պետք է սխրանք համարել: Աշխարհում քիչ կազմակերպություններ կան, որ կարող են հպարտանալ մեկդարյա անընդմեջ ակտիվ ու արդյունավետ գործունեությամբ:
Այսօր առիթ է շեշտելու, որ մենք հպարտ ենք հայ կանանց առաքինություններով եւ տպավորված նրանց զոհաբերությունների չափով: Հայ կինն ունի քաղաքացիական պարտքի գիտակցություն, որը դրսեւորվում է որպես հավաքական մտածողություն եւ հավաքական ուժ:
ՀՕՄ-ը ձեւավորել է ազգային գաղափարների, բարեգործության ու բարեսիրության մի ներդաշնակ համադրություն, որ իր գործունեության առանցքն է կազմում: Բարեսիրությունը կենսակերպ է, մարդու տեսակ: Հենց այդ տեսակն է, որ անկախ կազմակերպական պատկանելությունից, ստեղծում ու զարգացնում է մարդասիրական ինստիտուտը: Համոզված եմ, որ նման կազմակերպությունները եւ, առաջին հերթին, հենց ՀՕՄ-ն արդեն կայացած արժեքներ են եւ զգալիորեն նպաստում են մեր պետության կայացմանն ու առաջընթացին, ինչպես նաեւ Հայաստանի հասարակության ներդաշնակ զարգացման գործին:
ՀՕՄ-ն այսօր մեր երկրում, որտեղ իսկապես հոգսերը շատ են, մարդասիրական ծրագրեր իրականացնող կարեւորագույն կազմակերպություններից է: ՀՕՄ-ը Սփյուռքից Հայրենիք վերադարձավ ողբերգական առիթով` 1988 թվականի երկրաշարժից հետո, բայց այդ վերադարձն անխուսափելի էր անկախ հանգամանքներից:
Սիրելի՛ ՀՕՄ-ուհիներ, դուք միշտ այնտեղ եք, որտեղ ցավ կա, որտեղ կարիք կա, որտեղ օգնության ու աջակցության սպասում կա:
Իմ մաղթանքն է, որ այլեւս ոչ մի տեղ դուք առիթը չունենաք ցավ դարմանելու, որ ձեր ծրագրերը կապված լինեն միայն ու միայն զարգացման ու առաջադիմության հարցերի հետ: Կրկին շնորհավորում եմ միության հոբելյանը եւ ցանկանում եմ մեծ հաջողություններ ձեր հայրենանվեր գործում»,-ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետ Ալվարդ Պետրոսյանը բոլոր ՀՕՄ-ուհիների անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին` ջերմ խոսքերի եւ ընդունելության համար, ընդգծելով, որ կանանց բարեսիրական կազմակերպությունն այսուհետ էլ շարունակելու է գործել սեփական երկրում արժանապատիվ ապրելու եւ հայրենիքին մեծագույն նվիրումով ծառայելու մղումով:





























