Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր` հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատյան դաշտավայրի ապօրինի խորքային հորերի շահագործումը կասեցնելուն վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են Բնապահպանության, Գյուղատնտեսության նախարարները, Արարատի եւ Արմավիրի մարզպետները, Գլխավոր դատախազի, ոստիկանապետի տեղակալները, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ինչպես նաեւ կառավարության աշխատակազմի եւ ՏԿՆ ներկայացուցիչներ:

Նշվեց, որ դեռեւս ապրիլից ջրօգտագործողներին եւ, հատկապես, ձկնաբուծական ընկերությունների սեփականատերերին տրվել էր անհրաժեշտ ժամանակ եւ ներկայացվել էին տեխնիկական առաջադրանքներ` առկա խորքային հորերի շահագործումն օրինական դաշտ բերելու վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է, որ բացառությամբ մեկ-երկու դեպքի, ձկնաբուծական տնտեսություններն այդ ուղղությամբ էական քայլեր չեն կատարել: Որոշվել է ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման նախարարությունների եւ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել մասնագիտացված աշխատանքային խումբ, որը հիմք ընդունելով Գլխավոր դատախազության կողմից առաջարկված` ապօրինի խորքային հորերի շահագործումը կասեցնելու ընթացակարգը, անհրաժեշտ միջոցառումներ կիրականացնի: Խորհրդակցության ընթացքում մասնավորապես ընդգծվել է, որ Արարատյան դաշտավայրում ապօրինի խորքային հորեր շահագործողների նկատմամբ կկիրառվեն վարչական եւ անհրաժեշտ, օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները ողջ խստությամբ: