Կոտայքի մարզում օգոստոսի 25-ին կրկնակի վրաերթի հետեւանքով մահացած 38-ամյա Սիմոն Գրիգորյանն արդեն 15 տարի է՝ աշխատում էր բնապահպանության նախարարությունում:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի վարչատնտեսական բաժնից, որի պետն էր նա:

Սիմոն Գրիգորյանը Երեւանի բնակիչ էր, ամուսնացած էր: Նա երկու դուստր ունի՝ 9 եւ 1 տարեկան:

Սիմոն Գրիգորյանի կրտսեր դստեր 1-ամյակը կլրանար սեպտեմբերի 1-ին: Նա  Ջրվեժ թաղամաս էր գնացել՝ ռեստորանում դստեր ծննդյան տոնի եւ կնունքի տոնակատարության համար պայմանավորվելու, երբ վերադարձի ճանապարհին վրաերթի էր ենթարկվել:

Հիշեցնենք, որ Lexus մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել նրան, շպրտել հանդիպակաց գոտի, որից հետո նա կրկնակի վրաերթի էր ենթարկվել BMW մակնիշի ավտոմեքենայի կողմից: