Հայաստանի 5 մարզերում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջադրել է համայնքի ղեկավարի ու ավագանու անդամի 53 թեկնածու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, իրենք ամեն ինչ անելու են իրենց ձայները պահելու համար, որի փորձն ունեն 2012-ին Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում, որտեղից ընտրվել է ինքը՝ Մարուքյանը: Նա հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ ճնշումներ կան. «Մեր կուսակցության Նոյեմբերյանի կառույցը փորձում են փակել կամ մարդուն մեր կուսակցությանը ֆեյսբուքում «լայք» դնելու համար Վանաձորում ազատում են աշխատանքից»:

«Վանաձորում միանշանակ է, որ մենք հաղթելու ենք, որովհետև մեր  ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էնտեղ անդառնալիորեն ՀՀԿ-ն պարտվելու է և հաղթելու շանսերը «Լուսավոր Հայաստանինն են»»,- ընդգծել է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Գյումրիում իրենք համագործակցում են ԳԱԼԱ-ի հետ եւ այնտեղ ունեն ավագանու անդամի թեկնածուներ:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի կողմից իրար վրա ցեխ շպրտելու դեպքերին, Մարուքյանը հայտարարել է, որ իրենց համար դա անընդունելի եւ «Լուսավոր Հայաստանը» չի պատասխանում նման դեպքերում:

Նշենք, որ Վանաձորի ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, իցկ ցուցակը կազմված է 35 անձից: