Ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ոչ մեկից չի վախենում: Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողներին ասել է իշխող «Հանրապետական» կուսակցությունից պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ պատասխանելով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արտահայտություններին, որն ասել էր, որ ՀՀԿ-ն վախենում էր իր առաջադրումից, քանի դեռ չգիտեր, որ ինքը չի առաջադրվելու: Նա հրաժարվեց ավելի մանրամասն մեկնաբանել արդեն նախկին կուսակցի հայտարարությունները: «Եթե նա համարում է, որ իր իրավունքը խախտել են, նա կարող է դիմել ուր հարկն է՝ մենք ունենք Սահմանադրություն ու Ընտրական օրենսգիրք»- հավելեց Ավետիսյանը:
Ընդհանուր առմամբ, հավելեց նա, Գյումրիում տեղական ինքնակառավարման ընտրություններում հետաքրքիր պայքար է սպասվում: Ավագանու խորհրդի թեկնածուները արդեն կազմում են բոլոր ընտրողների 1 տոկոսը:
«Պատկերացնո՞ւմ եք, յուրաքանչյուր հարյուրերորդ ընտրողը հենց ինքն է թեկնածու: Այնպես որ ուշագրավ քաղաքական իրադարձություններ են սպասվում»,- հայտնել է նա:
Այն դիտարկմանը, որր ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը» արդեն բողոքում է Գյումրիում ու Մասիսում նախընտրական ռեպրեսիաներից, Ավետիսյանը պատասխանել է «Այդ նույն ԲՀԿ-ն թող ավելի լավ է հենց ինքը հետեւի, որպեսզի ընտրություններն արդար լինեն: Պետք չէ փորձել խղճահարություն առաջացնել» - ասել է նա:





























