Նոթինգ Հիլլի կառնավալի առաջին օրը նշանավորվել է կալանավորումներով եւ դանակահարությամբ: BBC-ն հայտնում է, որ ամենամյա կառնավալը մեկնարկել է օգոստոսի 28-ին եւ ոստիկանությանը մեծ հոգս է պատճառել: Մասնավորապես՝ 15-ից 20 տարեկան 4 մարդ դանակի հարվածներ է ստացել, 100-ից ավելին ձերբակալվել են դանակ եւ թմանյութեր ունենալու պատճառով:
Բժիշկների համար փողոցային զբոսանքի առաջին օրը վերափոխվել է գիշերային մղձավանջի. նրանք օգնություն են ցուցաբերել 400-ից ավելի մասնակիցների, որոնցից 71-ը հոսպիտալացվել է:
1966 թվականից Լոնդոնի Քենսինգթոն եւ Չելսի մարզի Նոթինգ Հիլլ շրջանի փողոցներում ամենամյա կառնավալն անցկացվում է օգոստոսին՝ երկու հանգստյան օրերի ընթացքում: Կառնավալի ընթացքում սովորաբար առաջատար դեր են կատարում բրիտանական աֆրոկարիբյան համայնքի ներկայացուցիչները, հատկապես Տրինիդադ եւ Տոբագոյից գաղթածները, որոնք 1950-ական թվականներին Քենսինգթոնի եւ Չելսիի բնակչության զգալի մասն են կազմել:






































