ՀՀ կառավարությունը երբեւէ չի քննարկել եւ չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երեւանի ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:՜

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին օրերին զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվող մեկնաբանությունները, որոնք վերաբերում են «Երեւանի ՋԷԿ»-ի հնարավոր վաճառքին, որեւէ առնչություն չունեն իրականության հետ։

Գազի դիմաց «Երեւան ՋԷԿ»-ի ունեցած պարտքերը ամենեւին էլ նոր չեն։ Նշված խնդրի վերաբերյալ լրատվամիջոցներում բազմիցս եղել են քննարկումներ։ Տարօրինակ է, որ այն կրկին հայտնվեց օրակարգում։

Առկա պարտքի կառուցվածքը մանրամասն ներկայացվել է դեռեւս այս տարվա մայիսի 12-ին ՀՀ կառավարության եւ Վերակառուցման եւ Զարգացման Միջազգային Բանկի միջեւ ստորագրված «էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրում, որի շրջանակներում Համաշխարհային բանկը տրամադրեց 30 մլն դոլարի վարկ։ Բազմիցս հայտարարվել է, որ վարկի մի մասը ուղղվելու է «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երեւանի ՋԷԿ»-ի պարտքի մասնակի մարմանը։

Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝ վերջին ամիսներին պարտքի զգալի մասը մարվել է։ Այժմ այն կազմում է ոչ թե 52,3 միլիոն, այլ՝ 33,8 միլիոն դոլար։ Պարտքի մնացած մասի մարումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում։

«Երեւանի ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման նպատակով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից արդեն իսկ ձեռնարկվել են միջոցառումներ՝ կայանի ֆինանսական վիճակի բարելավման, ծախսերի օպիմալացման եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Արդյունքներն արդեն տեսանելի են։ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ՀՀ նախագահին ներկայացրել է մանրամասն ծրագիր, որով նախատեսվում է մինչեւ 2017թ. օգոստոսի 1-ը (հերթական սակագնային տարվա սկիզբը) իրականացնել «Երեւանի ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման փաթեթի գերակշիռ մասը»: