Մոսկվան հետեւում է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի Զինված ուժերի գործողություններին ու կոչ է անում ռազմական գործողությունը համաձայնեցնել Սիրիայի իշխանությունների հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ուշադիր հետեւում ենք Թուրքիայի Զինված ուժերի գործողություններին Սիրիայի հյուսիսում: Անկասկած կիսում ենք Թուրքական հանրապետության ձգտումը՝ պայքար մղել միջազգային չարիքի ՝ ԻՊ-ի դեմ, բայցեւայնպես կցանկանայինք ուշադրություն հրավիրել միջազգային իրավունքին հետեւելու ու ինքնիշխան պետության տարածքում ցանկացած ռազմական գործողություն այդ երկրի օրինական կառավարության հետ համաձայնեցնելու անհրաժեշտության վրա»- ասել է նա:

Միաժամանակ Զախարովան կոչ է արել հարվածներ չհասցնել սիրիաբնակ քրդերի դիրքերին: «Թուրք գործընկերներին կոչ ենք անում ավելի ընտրողաբար վերաբերվել հակաահաբեկչական գործողության անցկացման համար թիրախների ընտրությանը ու հարվածներ չհասցնել ընդդիմադիր ու էթնիկ խմբերի՝ այդ թվում ԻՊ դեմ պայքար մղող սիրիաբնակ քրդերի տեղակայման վայրերին»- նշել է նա: Զախարովայի խոսքով հիմա ամենակարեւոր ու հիմնական խնդիրը միասնական ճակատով պայքարելն է ՝ ներառելով բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը»

ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Սիրիայի հարցում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի երկխոսության մեջ գլխավոր խնդիրն է մնում ընդդիմության ու ահաբեկիչների սահմանազատումը:

«Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա ամենակարեւոր խնդիրը չի լուծվել: Խոսքը ընդդիմության ու ահաբեկիչների սահմանազատման մասին է»- շեշտել է նա: