ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Ղարաբաղի հարցով խորհրդակցություն կանցկացնեն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խոսքը Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ հանդիպման մասին է: Նրանց հանդիպումը պլանավորված է ԱԳՆ ղեկավարության հետ»,- տեղեկացրել է Զախարովան:
«Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հրատապ հարցեր: Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի քննարկմանը: Կողմերը չեն շրջանցի նաեւ հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները»,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ տեղի կունենան պլանային խորհրդակցություններ, որոնց հիմնական նպատակը «ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ երեք երկրների ջանքերի համակարգումն է»:





























