Մթերված խաղողի դիմաց 10 ամիս անց գումարը չստացած աղավնաձորցիները քիչ առաջ դադարեցրել են բողոքի ակցիան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Աշոտ Գալստյանը: Նա նշեց, որ խաղողագործները հանդիպել են Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի եւ  «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանի հետ:

Մարզպետը գյուղացիներից եւս 15 օր ժամանակ է խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիներն այսօր բողոքի ակցիա են արել. փակել են դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չեն ուղարկել դպրոց: