Ռումինացի հաքերը, որը պատասխանատու է ամերիկյան նախագահ Ջորջ Բուշի ընտանիքի եւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուերի դեմ կիբերհարձակման համար, 52 ամիս ժամկետով բանտարկության է դատապարտվել:
Guccifer կեղծանունով 44-ամյա Մարսել Լեհել Լազարը 2013 թվականից հաքերային հարձակումներ է իրագործել հայտնի ամերիկացիների դեմ, այդ թվում՝ քաղաքական գործիչների, նպատակ ունենալով ներթափանցել նրանց անձնական էլեկտրոնային փոստ եւ սոցցանցերի էջեր:
BBC-ի հաղորդմամբ՝ 2014 թվականին նա Ռումինիայում ձերբակալվել եւ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: 2016 թվականի մարտին նրան արտահանձնել են ԱՄՆ-ին, որտեղ նրան հաքերության եւ խարդախության մեղադրանք է առաջադրվել:
Արդեն բանտում հաքերը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ բազմիցս կոտրել է Հիլարի Քլինթոնի անձնական փոստային սերվերը, որում նրա էլեկտրոնային նամակագրությունն է պահվում: Քլինթոնը հերքել է այդ փաստը, իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Լազարի հայտարարությունը փաստող որեւէ ապացույց չի հայտնաբերվել:
Միաժամանակ, ամերիկյան հատուկ ծառայությունները չեն կարողանում բռնել իրեն Guccifer 2.0 կոչող հաքերին, որը ստանձնել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա հարձակման պատասխանատվությունը:





























