2016-ի առաջին կիսամյակում պղնձի խտանյութի արտահանումից ստացվող եկամուտը Հայաստանում անփոփոխ է մնացել՝ հանքանյութի արդյունահանման աճի հաշվին: Այս մասին վկայում են Պետեկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության տվյալները: Պղնձի խտանյութը նախկինի պես մնացել է հանրապետության արտահանման ամենախոշոր խումբը:
2015-ի առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 158 մլն դոլարի 143 հազար տոննա խտանյութ, 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 160 մլն դոլարի 185 հազար տոննա:
Նշենք, որ արդյունահանման ավելացումը պայմանավորված է պղնձի համաշխարհային գների անկմամբ: Այժմ Լոնդոնի LME բորսայում պղնձի եռամսյա ֆյուչերսները վաճառվում են տոննայի դիմաց մոտ 4,635 դոլարով, մինչդեռ 2015-ի սեպտեմբերին գնահատվում էին 5 հազար դոլարից մի փոքր ավելի:
Եթե նախորդ տարիներին Հայաստանից պղնձի խտանյութն արտահանվում էր Չինաստան, ապա ներկայումս կրկին Բուլղարիա է արտահանվում, որտեղ գտնվում է Գերմանիայի Aurubis կոնցեռնի պղնձաձուլական գործարանը: Բուլղարիային է բաժին ընկել 77,9 մլն դոլարի արտահանում:
Մինչդեռ, 2015-ի առաջին կիսամյակում Չինաստանի մասնաբաժինը կազմում էր 84 մլն դոլար, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ արդեն միայն 24,5 մլն դոլար:
Ի տարբերություն 2015 թվականի, արտահանման մի մասը սկսել է նշանակման երկիր հասնել Վրաստանի տարածքով (հաշվետու ժամանակաշրջանում այս ուղղության մասնաբաժինը կազմել է 47 մլն դոլար):





























