2016-ի սկզբից շարունակել է աճել Հայաստանից մշակված ադամանդի արտահանումը: Այս մասին վկայում են Պետեկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության 2016-ի առաջին կիսամյակի տվյալները:
Եթե 2015-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 29,7 մլն դոլարի 29,9 հազար կարատ ադամանդ, ապա 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 45 մլն դոլարի 69,5 մլն կարատ:
Մասնավորապես աճել է Ռուսաստան արտահանումը, ինչպես նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններ (Ռուսաստան արտահանումն աճել է 1,6-ից մինչեւ 9,85 մլն դոլար, Էմիրություններ՝ 730 հազարից մինչեւ 6,86 մլն դոլար):
Պահպանվել է նաեւ Բելգիա արտահանումը (ադամանդի վաճառքի համաշխարհային կենտրոններից մեկը Անտվերպենն է): 2015 եւ 2016 թվականների ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 15,58 եւ 15,76 մլն դոլար:
Աճել է ԱՄՆ արտահանումը՝ 2,14-ից մինչեւ 3,05 մլն դոլար:
Հաշվետու ժամանակաշրջանում մշակման համար ադամանդ է ներկրվել նույն Ռուսաստանից, Բելգիայից եւ Էմիրություններից, ավելի փոքր քանակով՝ Հնդկաստանից, Շվեյցարիայից, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունից:





























