Daimler  կոնցերնը 2018-ից մինչեւ 2024 թվականը առնվազն վեց սերիական մոդել կթողարկի ամբողջությամբ էլեկտրական ուժային սարքերով, հայտնում է գերմանական  Automobilwoche պարբերականը:

Գերմանացիները հույս ունեն մրցակցել Tesla Motors ընկերության հետ, ինչպես նաեւ Audi ապրանքանիշի էկո-շարքի ապագա ավտոմեքենաների: Automobilwoche-ի զրուցակցի տվյալներով, ավտոարտադրողը պատրաստվում է կենտրոնանալ քրոսովերների եւ ամենագնացների  վրա, սակայն «Դայմլերի» պլանների մեջ է մտնում նաեւ էլեկտրական սեդանների եւ կոմպակտ-կարերի ստեղծումը:   

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Mercedes-Benz ապրանքանիշը, որը Daimler-ի կազմի մեջ է մտնում, MEQ առանձին ենթաապրանքանիշ կստեղծի, որի անվան տակ էլեկտրակարեր կթողարկվեն: Գերմանացիներն  արտոնագրային բյուրոյում արդեն ինդեքսների մի ամբողջ շարք են գրանցել մոդելների նշման համար, որոնք ներառում են   EQA, EQB, EQS եւ EQX անվանումները:

Առաջին էլեկտրական նախատիպի դեբյուտը տեղի կունենա սեպտեմբերի վերջին` Փարիզյան ավտոսալոնում, սակայն սերիական մեքենաները չեն հայտնվի   2018 կամ  2019 թվականից շուտ: Ակնկալվում է, որ «Մերսեդեսը» մտադիր է նախ սեդան եւ ամենագնաց թողարկել, որոնք կկարողանան մրցակցել   Tesla Model S-ի եւ Tesla Model X-ի հետ համապատասխանաբար: