Հոկտեմբերի 14-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «Սոցիալապես անապահով երեխաներին ՀՀ պետական ուսումնական հաստատությունների կողմից անվճար տրվող դասագրքերի դիմաց փոխհատուցման ենթակա գումարների մասին»: Համաձայն հրամանի` դպրոցներում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար տրվող դասագրքերի դիմաց փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկը կիրականացվի 2010-2011 ուստարվա սկզբի դրությամբ սովորողների թվաքանակին` ըստ դասարանների եւ համապատասխան դասարանի դասագրքերի ամբողջական խմբաքանակի դիմաց ներդրվող գումարին համամասնորեն:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Դասագրքերի շրջանառու հիմնադրամին» հանձնարարվել է իրականացնել յուրաքանչյուր ուսումնական հաստատությանը վճարման ենթակա գումարների հաշվարկը եւ մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 30-ը ներկայացնել այն նախարարություն: Բացի այդ, «Դասագրքերի շրջանառու հիմնադրամին» հանձնարարվել է մշակել եւ մինչեւ սույն թվականի նոյեմբերի 12-ը նախարարություն ներկայացնել համաձայնեցման` պետական հանրակրթական հաստատությունների եւ ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի միջեւ կնքվելիք պայմանգրի ձեւ, որով կսահմանվեն հանրակրթական հաստատություններում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընտրության եւ վերջիններիս անվճար դասագրքեր տրամադրելու պայմանները:
Նախարարի այս հրամանը միտված է անապահով ընտանիքների սոցիալական բեռի թեթեւացմանը, հանրակրթական դպրոցներում, անկախ ընտանիքի սոցիալական դրությունից, բոլոր աշակերտների համար որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ ու հավասար պայմանների ապահովմանը:




























