Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2010թ. հունիսի 19-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի «Տրիումֆ» սրճարանի դիմաց ՀՀ քաղաքացի Դ.

Քրիստոստուրյանի եւ ԱՄՆ քաղաքացի Է. Մնացականյանի խոսակցությունը վերածվել է վիճաբանության: Նրանք սկսել են իրար քաշքշել, հայհոյել եւ հարվածել, ինչի հետեւանքով Դ. Քրիստոստուրյանը ստացել է մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Գ. Մելիքյանը 2010թ. հունիսի 19-ին ոստիկանություն բերման ենթարկված դեպքի մասնակիցներից եւ ականատեսներից վերցրել է իրականությանը չհամապատասխանող, փաստական տվյալները էականորեն փոփոխված բովանդակությամբ բացատրություններ` թե իբր վիճաբանողները եղել են Դ. Քրիստոստուրյանը եւ վերջինիս ընկեր Ռ. Մելիքյանը, ով իրականում դեպքի վայր էր ժամանել վիճաբանության մասին տեղեկանալով, իսկ Է. Մնացականյանը ներկայացվել է որպես նրանց բաժանող: Այսպիսով, տեսուչը, ըստ նախաքննական մարմնի, չի ապահովել քրեական գործի օբյեկտիվությունը, լրիվությունն եւ բազմակողմանիությունը` հնարավորություն ընձեռելով Է. Մնացականյանին մեկնել Հայաստանից:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ. Քրիստոստուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Գ. Մելիքյանին ՀՀ քրեական օրեսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: Իսկ Է. Մնացականյանի վերաբերյալ մասը անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել ՀՀ ոստիկանություն` նախաքննությունը շարունակելու եւ Է. Մնացականյանին հայտնաբերելու համար: