Դեռեւս 1 տարի առաջ մեկնարկած բակերի բարեկարգման լայնածավալ ծրագրի շրջանակներում, հոկտեմբերի 14-ին բնակիչների առջեւ իր դռներն է բացել բարեկարգված ու խաղային ատրակցիոններով կահավորված Շիրակի 2 եւ 4 շենքերի բակը: Բակի հանդիսավոր բացմանը ներկա էր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նա նշել է, որ այդ ծրագրով նախատեսվում է մինչեւ 2012-ի վերջը բարեկարգել Երեւան քաղաքի բոլոր բակային տարածքները.

«Այսօր Երեւանում արդեն ունենք շուրջ 140 ամբողջովին բարեկարգ բակ: Յուրաքանչյուր տարի առնվազն 150-160 բակ է բարեկարգվելու»,- ասել է քաղաքապետը:

Երաժիշտ Արա Գեւորգյանը, ով հարեւան բակի բնակիչ է, ասել է. «Շատ ուրախ եմ, որ այսպիսի նախաձեռնություն կա: Շատ լավ բան է մտածված` վերադարձնել բակերը երեխաներին: Վերջերս հյուրեր ունեի արտերկրից: Իսկապես զարմացել էին, որ քաղաքն այսպես մաքուր է»: Իսկ Արարատ-73-ի լեգենդներից Արկադի Անդրեասյանին հատկապես ոգեւորել է բակային տարածքներում ֆուտբոլի խաղադաշտեր կահավորելու ծրագիրը. «Բակային ֆուտբոլից են ծնվում իսկական ֆուտբոլային աստղերը»,-ասել է նա:

Նշենք, որ ընդհանուր առմամբ, 2009-2010 թվականներին Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով բարեկարգվել է շուրջ 1200 բակ, տեղադրվել են  ժամանակակից, մանկական 136 խաղեր: Այս տարի նախատեսված բակերի 160 հազար քմ ասֆալտապատման աշխատանքներից 150 հազարն արդեն կատարված է: