Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 14-ին մասնակցել է Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին ներկա է եղել Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն իր խոսքում նշել է. «Իմ համոզմամբ, Հայ օգնության միությունը Հայկական աշխարհի յուրատեսակ մանրակերտերից մեկն է: Այսօր թե Հայաստանի կառավարությունը, թե ՀՕՄ-ը առավել կարեւորում են կրթական եւ առողջապահական ծրագրերի իրականացումը:

Մեր ազգային խնդիրների նկատմամբ այդօրինակ հոգածության ու նվիրումի համար այսօր բերում ենք մեր շնորհակալության եւ երախտիքի խոսքը, ձեզնից յուրաքանչյուրին մաղթելով ամենայն բարիք ու նորանոր հաջողություններ՝ հայրենանվեր բոլոր ձեռնարկումներում»:

Նշենք, որ Հայ օգնության միությունը ստեղծվել է 1910թ. Նյու Յորքում: Այսօր Հայ օգնության միությունը գործում է աշխարհի 26 երկրներում եւ միավորում է 15.000 անդամների: 2011թ. կլրանա Հայաստանում ՀՕՄ-ի գործունեության 20-ամյակը: Այսօր, շուրջ 1000 ՀՕՄ-ուհիներ գործում են մեր երկրի 57 քաղաքներում ու գյուղերում: