Թբիլիսիի հայկական դպրոցների փակման կամ ինչպես հիմնավորվում է պաշտոնապես` «միավորման» մասին խոսակցություններն իրականություն դարձան: Վրաստանի մայրաքաղաքի հայկական մի շարք կրթօջախներ միացվեցին վրացական դպրոցներին: Պատասխանատուները վստահեցնում են, որ փակված դպրոցների աշակերտները կշարունակեն սովորել վրացական դպրոցի հայկական բաժիններում: Արդյունքում, մի քանի տարի անց, վստահաբար, ականատես կլինենք նաեւ հայկական այդ բաժինների փակմանը:

Միավորման հիմնավորումները տարբեր են: Վրաստանի կրթական համակարգի համաձայն, հանրակրթական դպրոցները պետության կողմից ֆինանսավորվում են վաուչերային եղանակով, ըստ աշակերտների թվի: Հայկական դպրոցների սաների փոքր թվի պատճառով ստացված գումարը չի բավականացնում ուսուցիչների աշխատավարձերի, կոմունալ եւ շենքի պահպանման համար անհհրաժեշտ այլ ծախսերը հոգալու համար:

Սակայն թիվ 110 հայկական դպրոցի պարագայում, ըստ տարածված լուրերի, պատճառն այլ է: Պարզապես շենքը վաճառվել է եւ անհրաժեշտ էր անհապաղ ազատել այն: Իսկ ծնողները դժգոհում են 103-րդ վրացական դպրոցի (որին միացվել է 110 դպրոցը) շենքային պայմաններից: Նրանք նույնիսկ դեռեւս մտածում են. չտեղափոխե՞լ, արդյոք, երեխային այլ դպրոց: Բայց ո՞ւր: Թբիլիսիի շուրջ 85 հազարանոց հայ համայնքը մնացել է ընդամենը մեկ` թիվ 104 հայկական դպրոցի հույսին:

Ու եթե 103 դպրոցի տնօրենը նախապես խոստանում էր, որ հայ երեխաները միայն մեկ տարի կսովորեն երկրորդ հերթափոխով, այնուհետեւ` կտեղափոխվեն պետական միջոցներով ամբողջությամբ վերանորոգված դպրոցի 3-րդ եւ 4-րդ հարկերը, սակայն այստեղ արդեն խոսակցություններ են պտտվում վերանորոգման համար ծնողներից դրամահավաք կազմակերպելու մասին:

Թբիլիսահայ աշակերտների անորոշ վիճակը միայն այս դպրոցով չի սահմանափակվում: Դեռեւս օգոստոսին թիվ 131 դպրոցի առաջին դասարանցիների ծնողները չգիտեին, կկարողանա՞ն ապահովել իրենց երեխաների հայեցի կրթությունը, թե` ոչ. այս դպրոցի տնօրինությունը երկար ժամանակ չէր ընդունում  երեխաների փաստաթղթերը: Մեկ այլ` թիվ 95 հայկական դպրոցն էլ միացվեց վրացական թիվ 81-ին:

Հայկական կրթօջախների խնդիրների շուրջ պաշտոնական հիմնավորում ստանալու համար «Վրաստանի Հայ Համայնքը» (ՎՀՀ) նամակով դիմել էր Վրաստանի Կրթության նախարարին եւ Հանրային Պաշտպանին (օմբուդսմեն): Օմբուդսմենի գրասենյակում դիմումը Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հանձնաժողով ուղարկելու փոխարեն հանձնել էին Կանանց ու երեխաների պաշտպանության հարցերով հանձնաժողովին եւ հարցը փակված համարել։ Այսօր ՎՀՀ կողմից սույն հանգամանքը մատնանշելուց հետո դիմումը վերահասցեավորել են Հանդուրժողականության հարցերի հանձնաժողովին եւ խոստանում են հնարավորինս արագ արձագանքել: Անշուշտ, հարցը փակելու համար միայն։

Իսկ Կրթության նախարար Դմիտրի Շաշկինին ուղղված նամակի պատասխանին, թերեւս երկար պետք է սպասել: Օրենքով սահմանված բոլոր ժամկետները վաղուց անցել են, բայց նախարարության իրավաբանական վարչությունում շատ քաղաքավարի խնդրում են «մի քիչ էլ համբերել, այնքան աշխատանք կա անելու…», եւ խոստանում առաջին իսկ հնարավորության դեպքում ընթացք տալ հենց այս նամակին: Թե ինչպիսի՜ն կլինի ընթացքը՝ կտեղեկացնենք իր ժամանակին։

Էդուարդ Սահակյան

«Վրաստանի Հայ Համայնքի»-ի «Միություն» պարբերական