Հոկտեմբերի 15-ին Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկին  (Teodor Baconschi) ընդունել է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռումինական օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նյութերի շուրջ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք կարեւորվել է տարբեր ոլորտներում առկա կապերի եւ հնարավորությունների լիակատար օգտագործումը եւ համագործակցության առավել ծավալումը, որի համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում մասնավորապես հայ-ռումինական միջկառավարական խառը հանձնաժողովի գործունեությունը եւ կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համագործակցության հնգամյա ծրագիրը:

Հատուկ ուշադրություն է դարձվել բարձր մակարդակով քաղաքական կանոնավոր երկխոսության պահպանմանը, ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների շարունակմանը, ինչպես նաեւ եվրոպական ու միջազգային կառույցներում շփումներին` համարելով դրանք անհրաժեշտ պայմաններ հարաբերությունների հետագա զարգացման եւ կապերի խորացման առումով:

Հանդիպման վերջում դեսպան Գասպարյանը երախտագիտություն է հայտնել  Ռումինիայի կառավարությանը, որը մշտական հոգատարություն եւ աջակցություն է ցուցաբերում Ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանմանը եւ ռումինահայ կառույցների ու հաստատությունների գործունեության ապահովմանը: