Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Հայաստանում «Ինտերնյուս» մամուլի աջակցության կազմակերպության հետ 2010-ի նոյեմբերի 4-5-ը Երեւանում կազմակերպում է լրագրողների համար երկօրյա սեմինար, որի նպատակը մասնակիցներին Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) հիմունքներին, ինչպես նաեւ` ՄՄԻ-ի ներքո լրագրողների կարգավիճակին եւ  պաշտպանությանը  ծանոթացնելն է։

Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետեւյալ հարցերը.

Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) եւ Մարդու իրավունքների միջազգային իրավունքի (ՄԻՄԻ) կիրառումը հակամարտության գոտիներում, Լրագրողների հատուկ կարգավիճակն ու պաշտպանությունը զինված հակամարտություններում՝ սահմանված Միջազգային մարդասիրական իրավունքով, Ռազմագերիներին, անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքներին օգնելու՝  ԿԽՄԿ գործողությունները, նշված թեմաների լուսաբանման էթիկական եւ իրավական նրբությունները եւ ուրիշ այլ հարցեր։

Թեմաները կներկայացվեն ինչպես դասախոսությունների, այնպես էլ՝ ֆիլմերի ցուցադրության, ինտերակտիվ քննարկումների, իրավիճակի վերլուծությունների միջոցով։

Սեմինարին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի եւ օնլայն պարբերականների լրագրողներն ու արտահաստիքային թղթակիցները, ովքեր հետաքրքրված են հակամարտությունների, անհայտ կորածների ու ռազմագերիների հայրենադարձման խնդիրների լուսաբանմամբ։