Բելառուսի եւ Ռուսաստանի առեւտրատնտեսական հարաբերությունները լավագույն մակարդակի վրա չեն: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ որում՝ նա Մոսկվային մեղադրել է Մինսկի վրա ճնշում գործադրելու մեջ: Այս մասին գրում է ԲԵԼՏԱ-ն:

«Մենք արդեն քանի ամիս է՝ գազի գնի հարցում չենք կարողանում համաձայնության գալ: Դրա հետ կապված Ռուսաստանը կրճատել է Բելառուս մատակարարվող նավթի ծավալները: Մենք դա որպես Բելառուսի վրա գործադրվող ճնշում ենք ընկալում, բայց ես չեմ հանդուրժի ճնշումները, բելառուսցիները՝ նույնպես»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստան մատակարարումներ կատարելիս արգելվում են բելառուսական որոշ ապրանքներ, հատկապես սննդամթերքը, որը գնում է Եվրամիությունը: «Ռուսաստանում դրանք, չգիտես ինչու, «անորակ» են: Սակայն հասկանալի է. երբ մենք որակյալ եւ մատչելի գնով ապրանք ենք մատակարարում Ռուսաստան, մենք հարվածում ենք Ռուսաստանի գյուղատնտեսության ոլորտի օլիգարխների գրպանին: Նրանք ճնշում են գործադրում կառավարության վրա (ինձանից լավ գիտեք, թե այնտեղ ինչպիսի կապեր կան), իսկ կառավարությունը «Ռոսսելխոզնադզոր»-ի տարբեր կարգի պաշտոնյաներին «հարձակվի՛ր» հրամանն է տալիս եւ այլն: Նրանք մեզ մոտ մատակարարումների նպատակով երեք ձեռնարկություն են բացում՝ հինգը փակում են, հինգը բացում են՝ վեցը հետո փակում են: Չքողարկված ճնշում է գործադրվում»,- կարծում է Լուկաշենկոն:

«Արդեն զզվել ենք, սա արդեն բոլոր սահմաններն անցնում է, այսուհետեւ այսպես շարունակվել չի կարող: Բայց այն, ինչ ասացի՝ ամենեւին չի նշանակում, որ մենք ինչ-որ պլանում կդադարեցնենք ինտեգրացիոն նախագծերը, սակայն այդ նախագծերին մեր մասնակցությունը կօպտիմալացնենք: Ես այդպիսի կարգադրություն եմ արել կառավարությանը եւ նախագահի աշխատակազմին: Մենք այժմ շատ ուշադիր վերլուծում ենք մեր մասնակցությունը, առաջին հերթին, Եվրասիական տնտեսական միությանը: Եթե այսպես շարունակվի, ինչո՞ւ պետք է այնտեղ մի կույտ պաշտոնյա պահենք: Իմ կարծիքով, նրանք արդեն գրեթե հազարի են հասնում, այսպես կոչված, ԵԱՏՄ կառավարությունում: Եվ ի՞նչ արդյունք կա դրանից: Ի՞նչ նպատակ ունի փող ծախսել Մոսկվայում բարձրորակ մասնագետներ պահելու համար: Մենք լավագույններին ենք այնտեղ ուղարկել: Նրանց համար մենք այստեղ գործ կգտնենք, իսկ այն, որ այնտեղ որոշումներ կընդունվեն, մենք դրանց հետ կհամաձայնենք, որովհետեւ դրանք գործնականում չկան: Այն ամենն, ինչի շուրջ համաձայնության ենք եկել, խախտվում է»,- ասել է նա: