ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համակարգչային ցանցերի վրա իրագործված վերջին հաքերային հարձակումների ետեւում, որոնց հետեւել էր հազարավոր փաստաթղթերի արտահոսքը, Ռուսաստանն է կանգնած: Այս մասին ակնարկել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ելույթ ունենալով Washington Post-ի կազմակերպած միջոցառմանը՝ Քլեպերը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ դեմ համանման գործողություններ է իրականացնում 1960-ական թվականներից: «Դա մարդկանց համար մեծ ցնցում չպետք է լինի: Կարծում եմ՝ իրավիճակն ավելի է լարվել այն պատճառով, որ այժմ նրանք կիբերնետիկական գործիքներ ունեն»,- ասել է Քլեփերը:

Վերջին շաբաթների ընթացքում Քլեպերը խուսափում էր Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ սեփական մեկնաբանությամբ հանդես գալ եւ հղում էր կատարում ՀԴԲ ու հետախուզության ներկայացուցիչների հետաքննությանը: Սակայն նախօրեին նա ավելի բացահայտ է խոսել Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին: «Ռուսաստանում ընտրություններին միջամտելու ավանդույթ կա՝ ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների»,- ասել է Քլեպերը՝ հավելելով, թե առայժմ հայտնի չէ՝ Ռուսաստանն ինչի է ուզում հասնել համացանցում հափշտակած փաստաթղթերը հրապարակելով:

«Առայժմ հստակ հասկանալի չէ՝ խոսքը ԱՄՆ-ում նոյեմբերյան ընտրությունների արդյունքների վրա ներգործելո՞ւ մասին է, թե՞, ինչն ինձ ավելի է անհանգստացնում, ընտրական ամբողջ գործընթացում կասկածի սերմեր նետելու փորձի»,- պարզաբանել է Քլեփերը: