Սիրիական Դեյր Զոր քաղաքի մերձակայքում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ միջազգային կոալիցիայի հարձակումը հրադադարի ռեժիմի աղաղակող խախտում էր: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին ՄԱԿ-ում ունեցած ելույթում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Դեյր Զորում կառավարական զորքերի ուղղությամբ սեպտեմբերի 16-ին կոալիցիայի հարվածները մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի աղաղակող խախտում էին: Ընդ որում՝ դրանից անմիջապես հետո ԻԼԻՊ-ականները հարձակման անցան կառավարական զորքերի դեմ»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Նա ներողություն է խնդրել այն բանի համար, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սեպտեմբերի 9-ի համաձայնությունները ոչ հրապարակային են մնում:
Ըստ Ինտերֆաքսի՝ նա նաեւ նշել է, որ բանակցությունները հարկավոր է անմիջապես վերականգնել, քանի որ Սիրիայի ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման հնարավորություններ դեռեւս կան:





























