Հայաստանյան մամուլի վիճակը նույնն է, ինչ որ հայաստանյան իշխանությունների վիճակը. այն ավելի մեծ հավակնություններ ունի, քան իրականացնում է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։
«Ցավոք սրտի, մամուլի հավակնությունները հասարակական շահերի դաշտից շատ հաճախ տեղափոխվում են խմբակային շահերի դաշտ»,- ասաց պատգամավորը՝ միաժամանակ ավելացնելով, որ հայաստանյան մամուլը համեմատական կարգով ազատ եւ անաչառ եղել է միայն ղարաբաղյան շարժման տարիներին։ «Դա մոտավորապես 1991-1992 թվականներն էին՝ շարժման ալիքի վերելքը։ Միայն այդ ժամանակ բարոյականությունը չէր հակադրվում քաղաքականությանը եւ հասարակական շահին»,- համոզմունք հայտնեց Ալավերդյանը։
Ամփոփելով՝ նա նկատեց, որ այլալեզու մամուլի հետ զուգահեռներ տանելով՝ ինքը տեսնում է, որ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից հայաստանյան մամուլը դեռեւս շատ անելիքներ ունի։ «Չնայած ոչ այնքան բարենպաստ պայմաններին՝ որոշ լրագրողներ եւ խմբագիրներ, այնուամենայնիվ, փորձում են մամուլի առաջընթաց ապահովել։ Սակայն կարծում եմ, որ մամուլը մեծամասամբ քաղաքական կամ անձնական պատվերներ կատարողի դեր ունի»,- համոզմունք հայտնեց «ժառանգության» պատգամավորը։
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում(Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»:




























