Հոլիվուդյան հայտնի աստղ Ռաբերտ Դե Նիրոյի հերթական այցը Մոսկվա սկսվել է անախորժությամբ: Վայրեջքից անմիջապես հետո դերասանին ձերբակալել են հենց օդանավակայանում` վիզան սխալ ձեւակերպելու համար:

Ինչպես հաղորդում է Life News-ը, դերասանի մասնավոր օդանավը անցած գիշեր վայրեջք է կատարել «Շերեմետեւո» օդանավակայանի գործարար ավիացիայի Կենտրոնի տերմինալում:

Կենտրոնի աշխատակիցները հայտնել են, որ Դե Նիրոյի վիզայի մեջ կան ոչ ճիշտ տվյալներ: Դերասանին Ռուսաստան հրավիրողները անմիջապես փորձել են լուծել այդ խնդիրը: «Ցավոք, քանի դեռ չեն ուղղել սխալը,  մենք չենք կարող թույլ տալ, որ նա անձնագրային վերահսկողություն անցնի, չնայած նրա աստղ լինելու հանգամանքին»,- ասել են կենտրոնի աշխատակիցները:

Նշենք, որ Դե Նիրոն Մոսկվա է ժամանել նոր ֆիլմի շնորհանդեսին մասնակցելու, որտեղ ինքը խաղում է գլխավոր դերերից մեկը: