ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը եւ Հիլարի Քլինթոնը կոչ են արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ քաղաքներում փողոցային անկարգությունները, որոնք սկսվել էին ոստիկանության կողմից սեւամորթների սպանության պատճառով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Թրամփի խոսքով՝ ոստիկանության եւ աղքատ թաղամասերի բնակիչների միջեւ ամենօրյա բախումները մշտական խնդիր են։ «Մեր երկիրը վատ համբավ է ստանում աշխարհի առաջ, հատկապես եթե մենք ուզում ենք մեր վրա վերցնել համաշխարհային առաջնորդի դերը։ Ինչպե՞ս մենք կարող ենք մեր հետեւից տանել բոլորին, երբ ի վիճակի չենք վերահսկողության տակ պահել սեփական քաղաքները»,– ասել է Թրամփը։

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը, մեկնաբանելով ԱՄՆ քաղաքներում տեղի ունեցածը, Twitter–ում գրել է. «Քիթ Լեմոնթ Սքոթ, Թերենս Քրաթչեր։ Եվ այդպես շատերը։ Դրան պետք է վերջ դնել։ Շարլոթ քաղաքում տեղի ունեցածի նման միջադեպերի հետ չի կարելի հաշտվել»,– գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը։