Բունդեսթագի պատգամավորները հույս ունեն, որ մշտական մուտքի թույլտվություն կունենան Թուրքիայի Ինջիրլիք բազա։ Պատգամավորները նման հայտարարություն են արել նախօրեին բազա այցելելուց հետո, հայտնում է DPA–ն։

«Հնարավո՞ր է դա ապագայում։ Մենք դեռեւս դրա դեմ ոչինչ չենք լսում։ Մենք դրական եւ լավատեսորեն ենք տրամադրված»,– լրագրողներին ասել է Սոցիալ–դեմոկրատական կուսակցության պատգամավոր Առնոլդ Ռայները։

Ձախերի ներկայացուցիչ Ալեքսանդր Նեուն չի կիսում իր գործընկերոջ լավատեսությունը։ «Մեզ խուսափողական պատասխան են տվել»,– ասել է նա։ Պատգամավորներն այդ հայտարարություններն արել են Թուրքիայի Զմյուռնիա քաղաքում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ինջիրլիք այցելելու իրավունքի ժամկետի երկարաձգումը հենց սոցիալ–դեմոկրատների նախաձեռնությունն է։ Կուսակցությունը դա պարտադիր պայման է համարում Թուրքիայում Բունդեսվերի ռազմական առաքելության շարունակման համար։

Հիշեցնենք, որ Բունդեսթագի պատգամավորները նախօրեին՝ Անկարայի կողմից այցելությունն արգելելուց 4 ամիս անց, ժամանել էին Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազա։

Անկարան հրաժարվել էր ռազմաբազա թողնել գերմանացի պատգամավորներին այն բանից հետո, երբ Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։