Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը քաղաքական եւ իրավական խնդիրներ է ստեղծում պատժամիջոցների քաղաքականության համար, որոնք ԵՄ-ն կիրառում է Իրանի միջուկային հավակնությունները սանձելու եւ Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին արձագանքելու համար: Ըստ The Wall Street Journal-ի՝ նման պնդմամբ են հանդես եկել որոշ գործող եւ նախկին քաղաքական գործիչներ:

«Մեծ Բրիտանիան կարեւոր դեր էր կատարում ԵՄ-ի պատժամիջոցների քաղաքականության կիրառման հարցում»,- կարծում է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցային քաղաքականության հարցերով նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռիչարդ Նեվյուն:

«Բրիտանիան Ուկրաինայի գործերին Ռուսաստանի միջամտության պատճառով այդ երկրի դեմ պատժամիջոցների հզոր կողմնակից էր եւ հանդես էր գալիս որպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դաշնակից եւ հակակշիռ այնպիսի պետություններին, ինչպիսիք են Իտալիան եւ Հունաստանը»,- ասված է հոդվածում:

«ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց մի քանի տարի անց, կարծում եմ, ավելի մեղմ քաղաքականության կտեսնենք Ռուսաստանի հանդես»,- կարծում է Եվրախորհրդի արտաքին հարաբերությունների հարցերով ավագ գիտաշխատող Ֆրեդերիկ Վեդլաուն:

Սակայն, ըստ հոդվածի հեղինակ Լոուրենս Նորմանի, քիչ փորձագետներ են կտրուկ փոփոխություններ ակնկալում: Բրիտանացի պաշտոնյաները նաեւ հասկացրել են, որ կառավարությունը մտադիր է սատարել նախկին քաղաքականությունը: Կիեւ այցի ընթացքում Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրը կպահպանի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումները:

«Ամեն դեպքում՝ որոշ փորձագետներ կարծում են, որ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը կփոխվի, ենթադրելով, որ ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո Լոնդոնի համար առեւտրային համաձայնագրերը կարող են արտաքին քաղաքականության սկզբունքներից ավելի առաջնային լինել»,- ասվում է հոդվածում:

Որոշ փորձագետներ վտանգից խուսափելու միջոցներ են առաջարկել, որը կարող է Brexit-ը ներկայացնել եվրոպական պատժամիջոցների արդյունավետ ռեժիմի համար: