«Մեթյու» փոթորկի հետեւանքով զոհերի թիվը Հաիթիում արդեն գերազանցել է 100-ը. ՆԳ նախարարը հայտարարել է 108 զոհի մասին: Reuters գործակալությունն էլ, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդել է 136 զոհի մասին:
Տուժածների թիվը կարող է աճել, քանի որ առայժմ չի հաջողվում կապ հաստատել փոթորկից տուժած մի շարք շրջանների հետ: Իշխանությունների հաղորդմամբ՝ միայն Ռոշ-ա-Բատո քաղաքում 50 մարդ է զոհվել:
BBC-ի հաղորդմամբ՝ Հաիթիի նախագահի պաշտոնակատար Ժոսելերմ Պրիվերը հայտարարել է, որ երկրի հարավային բազմաթիվ քաղաքներում իրավիճակն աղետալի է. անհապաղ օգնության կարիք ունեն Ժերեմի, Լը Կե, Պոր Սալյու եւ այլ քաղաքներ:
«Մեթյու» փոթորիկը վերջին 10 տարիների ընթացքում ամենաուժեղն է տարածաշրջանում: Այն ուղեկցվում է հորդառատ անձրեւներով եւ ուժեղ քամիներով:
Հաիթիում այն ջրհեղեղների եւ սողանքների է հանգեցրել: Իշխանությունները կարողացել են 21 հազար մարդու տարհանել: Ներկայում փորձում են նրանց սննդով եւ խմելու ջրով ապահովել:




























