Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) Սու-27 կործանիչը Ֆիննական ծոցի չեզոք ջրերի վրայով պլանային ուսումնական թռիչքի ժամանակ խստորեն հետեւել է սահմանված երթուղուն, դրանից չի շեղվել, ինչը հաստատում են օբյեկտիվ վերահսկողության տվյալները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

«2016 թվականի հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի ՕՏՈՒ Սու-27 օդանավը պլանային ուսումնական թռիչք է իրականացրել Ֆիննական ծոցի ջրերի վրայով: Թռիչքն իրականացվել է սահմանված երթուղու համաձայն: Թռիչքի ժամանակ օդանավը երթուղուց չի շեղվել»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Ֆինլանդիայի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ռուսական Սու-27 կործանիչը հինգշաբթի խախտել է Ֆինլանդիայի օդային տարածքը՝ Պորվոո քաղաքից դեպի հարավ, Ֆիննական ծոցի վրա: Նախարարության հավաստմամբ՝ կործանիչը ֆիննական օդային տարածքում գտնվել է շուրջ մեկ րոպե: