ԱՄՆ-ն շահագրգռված չէ Սիրիայում բռնության սրմամբ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը՝ մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը, որն ԱՄՆ-ին կոչ է արել զերծ մնալ Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության ներքո գտնվող տարածքների ուղղությամբ ավիահարվածների փորձերից:
«Միացյալ Նահանգները հետեւողական ջանքեր է գործադրել՝ փորձելով արդյունավետ համագործակցել Ռուսաստանի հետ՝ Սիրիայում բռնության մակարդակը նվազեցնելու համար: Իսկ Ռուսաստանը նորից ու նորից չի կատարել բանակցությունների համատեքստում ստանձնած իր պարտավորությունները: Դա խորը հիասթափություն է առաջացրել ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ամբողջ աշխարհում: Եվ դա հանգեցրել է Հալեպի եւ նրա մերձակայքի խաղաղ բնակիչների համար ողբեգրական հետեւանքների: Միաժամանակ, ԱՄՆ-ն շահագրգռված չէ Սիրիայում բռնության սրմամբ: Մենք ցանկանում ենք, որպեսզի բռնության մակարդակը նվազի»,- Էռնեստի խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայնը»:
Էռնեստը նշել է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի ՄԱԿ-ի շրջանակում ցանկացած գործընթացի, քանի որ Անվտանգության խորհրդի անդամ է:
«Մենք երբեք չենք ասել, որ փակում ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական բոլոր ալիքները, բայց մենք հստակ հասկացրել ենք, որ Ռուսաստանը չափազանց հաճախ է խախտել իր պարտականությունները»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:




























