Անցյալում իրենց սեռական կողմնորոշման պատճառով դատապարտված գեյերին որպես փոխհատուցում 30 մլն եվրո է հատկացվելու։ Նման ենթադրություն է հայտնել Գերմանիայի արդարադատության նախարար Խայկո Մաասը, փոխանցում է DW–ը։

Իշխող կոալիցիան պայմանավորվել է մինչեւ հիմա դատապարտվածների ռեաբիլիտացիայի մասին։ Համապատասխան օրինագիծը Մաասը խոստացել է արդեն հոկտեմբերին քննարկման ներկայացնել։

Ընդ որում փոխհատուցման վճարումը կախված կլինի նաեւ կոնկրետ դեպքից, ճշտգրտել է Մաասը, օրինակ ազատազրկման տեւողությունից։ Օրինագիծը նախատեսում է թե անհատական, թե կոլեկտիվ պահանջների հնարավորություն։ Մաասի կարծիքով «պետք է վերլուծել ու փաստագրել» այն «տառապանքներն ու անարդարությունը», որոնց ենթարկվել են նման գործերի ֆիգուրանտները։ Նախարարի գնահատականով փոխհատուցման կարող է հավակնել ընդամենը 5 հազար մարդ։