Էնտուզիաստ հետազոտողը, որը հայտնաբերել է «Վիդա Գալլի» հանրահայտ նավի բեկորները, հայտնել է, որ գիտի, թե որտեղ են գտնվում այդ նավի գանձերը։ Associated Press-ի փոխանցմամբ Բարրի Քլիֆֆորդը, որը կազմակերպել էր այդ գիտարշավը, ավելի քան 30 տարի ԱՄՆ-ում Քեյփ Քոդ թերակղզու մոտակայքում ուսումնասիրել է ջրի հատակը։

«Վիդա Գալլին» պատմության մեջ առաջին ծովահենային նավն է, որը հայտնաբերվել է Հյուսիսային Ամերիկայում։

Քլիֆֆորդը հայտնել է, որ իրեն հաջողվել է ջրի տակ մեծ քանակության մետաղական առարկաներ գտնել, որը ինչպես ինքն է ենթադրում, հենց նավի վրայի գանձերն են։ Այդուհանդերձ շատ հնագետներ կասկածում են, որ նրան իրոք հաջողվել է գտնել գանձը՝ հաշվի առնելով այն գտնելու բազմաթիվ անհաջող փորձերը։

«Վիդա Գալի» նավը օգտագործում էին ստրուկներին տեղափոխելու համար, հրամանատարը անգլիացի ծովահեն Սամուել Բելլամին էր՝ «Սեւ Սեմ» մականունով։ Նավը խորտակվել է 1717 թ․ Մասաչուսեթսի ափերի մոտակայքում, ընդ որում անձնակազմի բոլոր անդամները՝ մոտ 150 մարդ, զոհվել էին։ Պատմաբանները ենթադրում են, որ այդ պահին նավը բեռնված է եղել մոտ 50 նավերից կողոպտված գանձերով ու ոսկե մետաղադրամներով։

Սակայն որոշ պատմաբաններ համարում են որ դա ընդամենը առասպել է, որի հիմքում ծովահենների հորինած պատմություններն են։ Իսկ Քլիֆֆորդը կարծում է, որ այն ծովահնները, որոնց կախաղան են հանել նրանց հանցագործությունների համար, ստելու որեւէ պատճառ չունեին։

Սակայն նա նաեւ խոստովանում է, որ գանձերը ջրի տակից հանելը հեշտ չի լինելու՝ նախ պետք է մետաղի այդ զանգվածը հանե լ ջրից, հետո նոր հասկանալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ 71-ամյա հետազոտողի խոսքով ինքը հավանաբար արդեն չի հասցնի իրագործել այդ նպատակը։