2020 թվականին պղնձի գինը կաճի՝ 2016 թվականի տոննայի դիմաց 4,8 հազար դոլարից մինչեւ 2017 թվականին 5,2 հազար դոլար եւ 7 հազար դոլար՝ 2020 թվականին: Այս մասին նշված է Pan Pacific Copper ճապոնական ընկերության կանխատեսման մեջ, փոխանցում է Bloomberg-ը:

Այժմ շուկայում նկատվում է պղնձի ոչ մեծ ավելցուկ (110 հազար տոննա), իսկ 2017 թվականին սպասվում է 52 հազար տոննայի պակասուրդ (այսինքն՝ կրկին ոչ մեծ չափով):

Պղնձի խտանյութի արտահանումը շարունակում է մնալ Հայաստանի արտահանման ամենախոշոր ապրանքախումբը:

Եթե 2015-ի առաջին կիսամյակում Հայաստանն անրտահանում էր 158 մլն դոլարի 143 հազար տոննա խտանյութ, ապա 2016-ի առաջին կիսամյակում՝ 160 մլն դոլարի 185 հազար տոննա: 

Պակասուրդը կանխատեսում է աշխարհի խոշորագույն բանկերից մեկը՝ Citigroup Inc-ը: Բանկի վերլուծաբանների կարծիքով՝ վերջին շրջանում սկսված պղնձի արդյունահանման աճը սահմաններին է հասել, իսկ Չինաստանում պահանջարկն աճել է:

Օգոստոսի սկզբին Goldman Sachs Group-ը, ընդհակառակը, գների նոր անկում է կանխատեսել. հնարավոր է՝ մինչեւ 4 հազար դոլար:

Pan Pacific Copper-ի կանխատեսումներով՝ 2017 թվականին պղնձի արդյունահանումը բացարձակ թվերով կաճի մինչեւ 22,68 մլն, իսկ սպառումը՝ մինչեւ 22,73 մլն (2016-ի տվյալներով՝ սպասվում է 22,36 եւ 22,25 մլն, այսինքն՝ ոչ մեծ աճ):

Նշենք, որ այժմ Լոնդոնի բորսայում 3-ամսյա ֆյուչերսները վաճառվում են տոննայի դիմաց 4885 դոլարով: