Ամերիկացի հետազոտող Դենիել Կսեպկան բացատրել է, թե ինչու պինգվինները չեն կարողանում թռչել, չնայած թեւեր ունեն, գրում է Planet-Today–ը։
Նրա խոսքով պինգվինները իրենց էվոլյուցիոն զարգացման որոշակի փուլում անհրաժեշտությունից դրդված պարզապես հրաժարվել են թռչելուց։ Հակառակ դեպքում այդ թռչունները, հաշվի առնելով նրանց բնակության միջավայրը, պարզապես չէին կարողանա գոյատեւել։ Մոտ վաթսուն միլիոն տարի առաջ ապրող պինգվինների էվոլյուցիոն նախնիները արդեն իսկ չէին կարողանում թռչել։ Սակայն պինգվինների ավելի վաղնջական ժամանակներում՝ դինոզավրերի դարաշրջանում ապրող նախատիպերը թռչել կարողանում էին։ Ընդ որում նույնքան լավ, որքան ժամանակակից պինգվինները՝ լողալ։ «Պինգվինները ստիպված են եղել ծովի կողքին բնակություն հաստատել, որտեղ սննդի միակ աղբյուրը նրանց համար ջրային կենդանիներն էին։ Դրա համար էլ նրանք իրենց թռչելու ունակությունը ասես փոխանակել են լողալու ունակության հետ, որը գոյատեւման տեսակետից շատ ավելի ձեռնտու էր նրանց»,- պատմում է հետազոտողը։




























