Բրիտանիայում նախկին մոդելին կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի համար: Բրեդֆորդից նախկին մոդելը՝ 27-ամյա Քիմբերլի Միներսը, 2010 թվականին հոր մահից հետո իսլամ է ընդունել եւ սկսել մահմեդական կանանց ավանդական հագուստ հագնել:

Ըստ Independent-ի՝ անցյալ շաբաթվա վերջին ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել եւ հարցաքննել են նրան: Ձերբակալության պատճառ է դարձել նրա մոտ նյութերի առկայությունը, որոնք «կարող են օգտակար լինել ահաբեկչության ծրագրման եւ նախապատրաստման համար»:

Միներսը հերքում է ահաբեկիչների հետ կապի հանգամանքը, սակայն սոցցանցերի իր էջերում Քիմը, որն իսլամ ընդունելով հետո Այշա անունն է վերցրել, ենթադրյալ ծայրահեղականների եւ բռնության տեսարաններով տեսահոլովակների հղումներ է տարածել: Դրանցից մեկում ԻՊ-ի զինյալների կողմից երեխաներին մարզելու տեսանյութ կա: Մտահոգությունն աճել է, երբ սեպտեմբերին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Քիմը կարող է «ջիհադի հարսնացու» դառնալ: