Համակրելի բաների հանդեպ սերը մարդու մոտ բնատուր է, համարում է հետազոտության հեղինակ Կոնրադ Լորենցը։ Դա մայրական կամ հայրական բնազդի մի մասն է։ Հենց այդ պատճառով էլ տղամարդիկ ու կանայք շատ հաճախ հիացմունքով են արձագանքում երեխաներին, հայտնում է Informing–ը։

Եվ այսպես, այն կենդանիներն ու իրերը, որոնք համապատասխանում են «երեխայի» յոթ հատկանիշներին, մարդուն համակրելի են թվում։ Այդ հատկանիշներն են մարմնի հանդեպ չափից խոշոր գլուխը, մեծ աչքերը, կլոր այտերը, բարձր ճակատը, թմբլիկ մարմինը ու փափկությունը։ Հաճախ այս չափորոշիչներին համապատասխանում են ոչ միայն փոքր երեխաները, այլեւ որոշ կենդանիների ձագուկներ՝ կատուների, շների, պանդաների, ճագարների եւ այլն։ Իսկ ահա փոքր կոկորդիլոսները, որոշ թռչունների ճաղատ ճուտիկները, փոքր ձկները մարդկանց մոտ նման զգացմունքներ չեն առաջացնում։

Համակրելի կարող են թվալ նաեւ իրերը։ Օրինակ խաղալիք Թեդդի արջուկը։ Կամ Volkswagen «Ժուկ» ավտոմեքենայի դասական մոդելը։ Մեծ կլոր լուսարձակները, կլորավուն ուրվագծերը ու կոմպակտությունը շատերին համակրելի են թվում։

Գիտնականները նկատել են, որ երեխաներին, ինչպես նաեւ որոշ կենդանիների նայելիս մարդու ուղեղում ակտիվանում է դոֆամինի՝ երջանկության հորմոնի արտադրությունը։ Մայրերին ու հայրերին այդ զգացմունքը անհրաժեշտ է, որպեսզի անընդհատ ցանկանան երեխայի մոտ լինեն։ Բացի դրանից, Լորենցի խոսքով, մարդիկ կարող են օգտագործել այդ նույն էֆֆեկտը, որպեսզի համակրելի բաներին նայելով՝ բարձրացնեն իրենց տրամադրությունը։