Եվրոպան փակում է դռները սիրիահայերի առաջ ու նրանցից շատերը Հայաստան են ժամանում։ Այս մասին գրում է իտալացի լրագրող Սիմոնե Ձոպելլարոն Occhi della Guerra («Պատերազմի աչքերը») պարբերականում։
Հոդվածում գրված է․
«Փոքր Հայաստանը Սիրիայում շարունակվող պատերազմի 5 տարիներին ավելի քան 20 հազար փախստական է ընդունել։ Բնակչության ու ընդունած փախստականների հարաբերակցությամբ Հայաստանը Եվրոպայում երրորդ երկիրն է։ Ժամանածներից շատերը հայեր են ու քրիստոնյաներ։ Նրանցից շատերը բախվել են այս երկրի տնտեսական խնդիրներին, որտեղ աղքատության ու գործազրկության ցուցանիշները բավականին բարձր են։ Բայց Եվրոպան փակում է իր դռները, դրա համար էլ շատերը շարունակում են Հայաստան գալ։
Իսկ Հայաստանի ղեկավարությունը մշտապես աջակցել է Ասադի իշխանությանը։ Եվ Հայաստանի ավանդական դաշնակցի՝ Ռուսաստանի ռազմական միջամտությունը միայն ամրապնդել է այդ կապերը։
Թուրքերի կողմից իրականացված Ցեղասպանությունից հարյուր տարի անց Մերձավոր արեւելքում նոր ցեղասպանություն է կատարվում, որին համաշխարհային համայնքը դարձյալ ուշադրություն չի դարձնում։
Սիրիայում բնակվող ավելի քան հարյուր հազար հայերից հիմա այնտեղ ընդամենը մի քանի հազարն է մնացել։ Մնացածը սպանվել են, կամ փախել աշխարհի տարբեր կողմեր։ Այն սակավաթիվ հայերը, որոնք դեռ մնացել են Սիրիայում, շարունակում են զոհվել։
Անցած շաբաթ Հալեպում չորս հայ է զոհվել։ Նրանցից մեկը 20-ամյա Միյեյ Խինդոյանն էր իր 12-ամյա եղբոր հետ։ Միրեյը լողի չեմպիոն էր, սովորում էր համալսարանի 3-րդ կուրսում»։




























