Հայաստանյան ընդդիմությունն ասում է՝ մենք ոչ մի հարց չենք ուզում լուծել, չենք ուզում որեւէ հարցի անդրադառնալ, դրանք մանր-մունր հարցեր են. ա՛յ, որ մենք գանք իշխանության, ամեն ինչ կլուծվի։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ գործարար պատգամավոր, հանրապետական Մանվել Բադեյանը, հավելելով, որ երբ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, նա ոչ թե ցանկանում է փոխել իշխանության գործելակերպը, այլ ձգտում է ինքը լինել իշխանություն, որ նույնը անի:
«Սա՜ է մեր հասարակության դժբախտությունը։ Սա մեր հասարակության թերհասությունն է»,- նշել է նա ու ընդգծել, որ Հայաստանում ձեւավորված ընդդիմություն չի տեսնում: «Ես տեսնում եմ ՀԱԿ-ում խարիզմատիկ լիդեր՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, որի բացակայության դեպքում ՀԱԿ-ը կփլուզվի միանշանակ: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն անցել էր պասիվ գործունեության, չկար ո՜չ ՀՀՇ, ո՜չ ՀԱԿ»,- ասել է Բադեյանը ավելացնելով, որ իշխանություններին այսօր այլընտրանք չի տեսնում:
Նրա հետ կտրականապես չի համաձայնել ասուլիսի մյուս բանախոս, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով, ցանկացած մարդ կարող է գոհ չլինել ընդդիմությունից, սակայն այսօր ՀԱԿ-ի համար գերխնդիրը ոչ թե իշխանության գալն է, այլ երկրում ստեղծված իրավիճակում փոփոխություն մտցնելը. «Ձեւավորվել է պարզ, բացահայտ ընդդիմություն, որը գիտակցում է՝ ինչ է անում եւ ինչի դեմ է պայքարում»,- նշել է նա:
Իգիթյանն անկեղծացել ու ասել է նաեւ, որ ինքն էլ բավարարված չէ ընդդիմության գործունեությունից: «Եթե իշխանությունը զրկում է ժողովրդին եւ պետությանը ներկայից ու ապագայից, ընդդիմությունն էլ իր գործունեությամբ զրկում է հույսից»,- ասել է ՀՀՇ-ական գործիչը, ու հավելել. «Եթե Սերժ Սարգսյանը նույն մտահոգություններն ունի այս երկրի մասին, ինչպիսին ես ունեմ, այդ հարցը շատ հեշտ կլուծվի»:




























